Կարևոր ինֆորմացիայի կորուստ ենք ունեցել. Բլեյանը՝ կրթահամալիրից կատարված գողության մասին
ОбществоԻնչպես արդեն տեղեկացրել ենք, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանը: Գողացել են 2 նոութբուք, 1 ֆոտոխցիկ, 2 տեսախցիկ և 1 ձայնագրիչ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ գողացածը այդքան արժեքավոր չէ, որքան դրանց մեջ եղած ինֆորմացիան. «Մեր փոխտնօրենի նոութբուքն է, որում պարունակվող ինֆորմացիան տարիների հետազոտական աշխատանք է, կային թարգմանություններ, մանկավարժության մշակումներ և մի շարք նախագծեր: Ամբողջ տարածքը տեսախցիկների հսկողության տակ է, և վստահ եմ, որ ոստիկանությունը հետևողական կլինի և կգտնեն տվյալ անձին»:
Տնօրենը նշում է՝ սարքերում չկան գաղտնի տեղեկություններ, և չկան մարդիկ, որոնց կարող են կասկածել. «Ոստիկանությունը վերցրել է տեսագրությունը, և կարծում եմ՝ բացահայտելը և անձին գտնելը 1-2 օրվա հարց է: Մեզ անհանգստացնում է այն, որ կարող են ինֆորմացիան վնասել»:
Բլեյանն ընդգծում է՝ նման դեպք վաղուց չէր եղել. «5-6 տարի առաջ էր եղել, բայց այստեղ խնդիրը գայթակղությունն է, և կարծում եմ, որ գողացողը մենակ է եղել»:
«Մենք աշխատում ենք մինչև 20:00, և կրթահամալիրի անվտանգությունը ապահովված է: Ուզում ենք հասկանալ, թե ինչը այնպես չի արված, որ ավելի անվտանգ դարձնենք»,- ասաց Աշոտ Բլեյանը:
Արփինե Հակոբյան