Ճապոնացիները կորեացիների ու չինացիների սինթեզ են, որոնք 2 հազար տարում դարձել են ճապոնացի. Զարեհ Սինանյան
SocietyԻնձ թվում էր, որ բոլորի համար է պարզ՝ աճող, հզոր պետությունները երբեք միատար չեն ու միշտ հզորանում են այլ ազգերին իրենց մեջ բուծեցնելու հաշվին: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանի խոսքով, հենց հայ արքաներից Արգիշտին ու Տիգրան Մեծն են խոսել այլ ազգերին բերելու ու Հայաստանում բնակեցնելու մասին.« Արգիշտին ասում է, որ այսինչ տեղում գրավել է այսինչ ժայռը, այսինչ տեղից այսինչ ցեղերին բերել ու բնակեցրել է այնտեղ: Տիգրան Մեծը, որով բոլորս հպարտանում ենք, 300 հազար հրեաների բերեց Հայաստան, որպեսզի շենացնի մեր երկիրը»:
Նա նշել է, որ ցանկացած պետություն, բացի կղզիացածներից, այդպես են, իսկ ահա ճապոնացիները մի քիչ տարբեր են. «Ճապոնացիները կորեացիների ու չինացիների սինթեզ են, որոնք 2 հազար տարում դարձել են ճապոնացի»:
«Ցանկացած մայրցամաքային զարգացած մեծ պետություն իր պատմության ընթացքում չի մեծացել զուտ իր հաշվին, այլ կարողացել է իր մեջ կլանել այլ ազգերի։ Պատկերացրեք, որ Հայաստանն էլ դառնա այնքան հզոր, ուժեղ, որ կարողանա մյուս ազգերի համար էլ գրավիչ լինել: Դա արդեն ինքնին հաջողություն է»: