Մենք սահման բացելու գործառույթ չենք իրականացնում, դիմեք ԱԳՆ կամ պարետատուն․ Զարեհ Սինանյան
ՀասարակությունՄենք սահման բացելու գործառույթ չենք իրականացնում կամ որոշում, թե Ռուսաստանն ում ներս թողնի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 3-ին, կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա իրականացնող ՌԴ մեկնել ցանկացողներին ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Տվյալ խնդրով մենք որևէ իրավասություն չունենք զբաղվելու։ Կան համապատասխան մարմիններ, որոնք զբաղվում են։ Մենք բանակցություններ չենք վարում, զբաղվում ենք Հայաստան-Սփյուռք կապերով, այս քաղաքացիները չեն կարող վերադառնալ օբյեկտիվ պատճառներով` համավարակով պայմանավորված։ Պետք է դիմել ԱԳՆ կամ պարետատուն, մենք սահման բացելու գործառույթ չենք իրականացնում, կամ որոշելու` Ռուսաստանն ում է ներս թողնում, ում չէ՞»,-ասաց Սինանյանը։
Հիշեցնենք, որ արդեն մոտ 6 ամիս է ՌԴ քաղաքացիներն, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք ցանկանում են մեկնել Հայաստանից եւ բողոքի ակցիա են իրականացնում փակ սահմանների բացման համար։ Նրանք ՀՀ կառավարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել։