ՀՅԴ-ն համաներում է հայտարարել․ Աղվան Վարդանյանը մտածում է վերադառնա՞լ ՀՅԴ, թե՞ ոչ
ՔաղաքականՀՅԴ Բյուրոն կուսակցության 130-ամյակի կապակցությամբ համաներում է հայտարարել բոլոր այն նախկին դաշնակցականների համար, որոնք հեռացվել են ՀՅԴ շարքերից, կամ հրաժարվել կուսակցական պատկանելությունից, բայցևայնպես հեռանալուց հետո չեն գործել կուսակցության դեմ:
«Այդ մասին դեռ չեմ մտածել»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց նախկին դաշնակցական, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության նախկին քարտուղար Աղվան Վարդանյանը՝ արձագանքելով մեր այն հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է կրկին համալրել դաշնակցականների շարքերը, թե՞ ոչ։
Նկատենք, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ դեռևս 2018թ․ մայիսին, ՀՅԴ-ից աղմկոտ ձևով հեռացվեց Աղվան Վարդանյանը։ Հարցին, թե Դաշնակցությունը հայտարարության մեջ շեշտել է՝ վերադառնալ կարող են միայն նրանք, որոնք ՀՅԴ-ից հեռանալուց հետո չեն գործել կուսակցության դեմ, արդյոք դա՞ է պատճառը, որ դեռ չի կողմնորոշվել՝ Վարդանյանը հարցը ընդհատելով և մինչև վերջ չլսելով ասաց․ «Դրա համար պետք է մտածել»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը։
Մեզ հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանն ասաց, որ շատ դիմողներ կլինեն, իսկ կընդունեն միայն նրանց, որոնք Դաշնակցության որոշումների, հռչակած քայլերի դեմ խափանարար գործունեություն չեն ծավալել. «Երևույթը մեզ մոտ ձևավորված ավանդույթ է, և վստահ եմ այս անգամ ևս հայտեր շատ կլինեն: Երբ ժամկետը ավարտվի, մենք կհրապարակենք արդյունքները»,- նշեց Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է նրանց, որոնք ՀՅԴ-ից դուրս գալուց հետո դեմ չեն գործել, բայց քննադատական մոտեցում են ցուցաբերել, Ռուստամյանն ասաց՝ այդպիսի դեպքերը պետք է առանձին քննեն. «Այն անձը, որը մինչև հիմա ՀՅԴ-ի դեմ է աշխատել, ի՞նչ իմաստ ունի նորից ընդունել»,- նկատեց նա:
Ուշագրավ է՝ 2 տարի առաջ ՀՅԴ անդամների կողմից չներվեց իրենց դաշնակցական ընկերոջ «մեկ քայլ առաջը»։ Հետաքրքրական է՝ արդյոք ՀՅԴ-ն կընդունի՞ Աղվան Վարդանյանին, եթե նա որոշի վերադառնալ և կրկին համալրել նրանց շարքերը, հատկապես, որ այժմ նրանք քայլում են քաղաքական միևնույն ճանապարհով։
Նշենք, որ ՀՅԴ շարքերը համալրելու գործընթացի վերջնաժամկետը տարեվերջն է։
Սոնա Հարությունյան