Չհավատաք, որ մեկը կգա, ձեզ կասի՝ այդ հարցը կլուծեմ. այդ հարցը մեր ձեռքում չէ, որ կարողանանք լուծել. Ալեն Սիմոնյանը հանդիպեց ՌԴ մեկնել ցանկացողներին
SocietyՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում: Այս անգամ նրանց ակցիայի վայրը ԱԺ-ի դիմաց է: Նրանք հանդիպեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Էդմոն Մարուքյանին և « Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ևս հանդիպեց քաղաքացիներին և նշեց, որ իշխանությունից ոչինչ կախված չէ, և խնդրի հասցեատերը իրենք չեն. «Երկու պատգամավոր են այսօր ձեզ հետ խոսել, ի՞նչ են ասել: Իրենք կգան, ձեզ ամեն ինչ կխոստանան, կասեն՝ այդ հարցը կբարձրացնեմ, կասեն, որ իշխանությունները ուզեն՝ խնդիրը կլուծեն, ի՞նչ է նշանակում դա»:
«Ենթադրենք՝ մեքենայով անցաք, պետք է թողնեն, որ դուրս գաք, լվացարան գնաք, կամ հաց ուտեք: Հոկտեմբերի 31-ին Վրաստանում համապետական ընտրություններ են, և իրենք մինչև դրա ավարտը, սահմանը չեն բացելու: Հիմա ես ձեզ չեմ խաբելու, ասեմ՝ կբացեն: Ես Ձեզ 2 կարևոր բան եմ ասում. չհավատաք, որ մեկը կգա, ձեզ կասի այդ հարցը կլուծեմ, որովհետև այդ հարցը մեր ձեռքում չէ, որ կարողանանք լուծել: Մենք ամեն օր բանակցում ենք, փորձում ենք չվերթները վերականգնել, ոչ միայն ձեզ համար, այլև այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, առևտուր անեն, որպեսզի տնտեսությունը չտուժի, հիմա ամբողջ հյուրանոցները դատարկ են»,- նշեց Սիմոնյանը:
Փոխխոսնակն ընդգծեց՝ իրականությունն այն է, որ ռուսներն ու վրացիները չեն թողնում իրենց երկիր մտնել:
ՌԴ մեկնել ցանկացողի այն հարցին, թե ինչու Պուտինը, որը մեր բարեկամն է, չի ընդառաջում իրենց, Սիմոնյանը պատասխանեց. «Պուտինի բարեկամի հարցը չի, ինձ համար հայը և հայի շահն է հետաքրքիր, մյուսների շահն ինձ համար երկրորդական է: Ռուսաստանը ոչ թե ասում է ես միայն Հայաստանից չեմ կարող ընդունել, այլև մյուս երկրներից»,- ասաց Սիմոնյանը: