«Իշխանություններն ունեն կոնկրետ առաջադրանք․ ոստիկանների գնահատականից պարզ կդառնա նրանց դիրքորոշումը»
ՀասարակությունՀամաձայն Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող Շիրակ Բունիաթյանի հայտնած տեղեկությունների՝ այսօր գիշերը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձված նոր պահնորդական կազմակերպության ծառայողները հարձակվել են Ամուլսարի պաշտպանների վրա և ծեծի ենթարկել նրանց: Համաձայն ականատեսների՝ բռնություն է գործադրվել նաև ոստիկանի վրա:
Շիրակ Բունիաթյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ իշխանություններն ունեն կոնկրետ առաջադրանք. «Մենք շուրջ 2.5 տարի Ամուլսարի հողային ճանապարհների մոտ հսկողություն ենք իրականացնում: «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձված նոր պահնորդական կազմակերպության ծառայողները իրենց ծառայությունն էին կատարում, երբ քաղաքացիներից մեկի հետ ինչ-որ երկխոսություն է սկսվել, որը վերածվել է վիճաբանության: Դուրս են եկել Ջերմուկ բարձրացող մայրուղու վրա ու մարդուն, ուղղակի քարշ տալով դեպի Լիդիանին պատկանող տարածք, դաժան ծեծի են ենթարկել: Քաղաքացուն այնտեղից հանել են ուշագնաց վիճակում»,- պատմեց Բունիաթյանը:
Բունիաթյանը նշեց, որ իրենք թողնում են, որ կատարվածը արժանանա ճիշտ իրավական գնահատականի։
«Որովհետև մենք ապրում ենք իրավական երկրում և ինչ-որ ապօրինի զորքեր, ուղղակիորեն, չեն կարող քաղաքացիների հետ այդկերպ հաշվեհարդարներ տեսնեն: Այստեղ խնդիրը ոչ թե պահնորդական ծառայության մեջ է, այլ նրանց աշխատանքի հրավիրողի պահանջներն են այդպիսին: Արդեն անտրամաբանական է, նախկինները նույնպես այդ վարքագիծն էին դրսևորում, ներկա իշխանությունները նորից նույնն են անում: Ոստիկանների գնահատականից պարզ կդառնա մեր կառավարության դիրքորոշումը»,- ասաց ակտիվիստը:
Արփինե Հակոբյան