Աշխարհին զգուշացրել են նոր համաճարակի մասին
Աշխարհ
8 Սեպտեմբեր, 2020 19:33
Առողջ սնունդն անհասանելի է դառնում միլիոնավոր մարդկանց համար, ինչն էլ կարող է խորացնել գիրության խնդիրն ամբողջ աշխարհում` առաջացնելով նոր «գլոբալ համաճարակ», գրում է Bloomberg-ը` հղում անելով ՄԱԿ-ին:
Մասնագետները զգուշացնում են` եթե գործողություններ չձեռնարկվեն, ապա հաջորդ տասնամյակում ամբողջ աշխարհում առողջապահության համաշխարհային ծախսերը կգերազանցեն տարեկան 1,3 տրիլիոն դոլարը:
Առողջ և սննդարար սնունդն արդեն հասանելի չէ երեք միլիարդ մարդու: Կորոնավիրուսային համավարակը հանգեցրել է մարդկանց աղքատացմանը, մարդիկ փնտրում են սննդի խնայողություն կատարելու ուղիներ՝ ընտրելով «ֆասթֆուդը»:
ՄԱԿ-ի գնահատմամբ` մինչև այս տարվա վերջ շուրջ 132 միլիոն մարդ կարող է սովի մատնվելու խնդրին բախվել: Զարգացած երկրներում, սակայն, ճարպակալումն ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան սովը: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում երկրի բնակչության գրեթե երկու երրորդը ավելորդ քաշ ունի, ինչը Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշն է Մալթայից հետո: Նույնիսկ համաճարակից առաջ երկրում ամեն յոթերորդ մահվան պատճառն անառողջ սնվելն էր: