Ինչպես կարող եք 2 շիշ օղու փողը «մուծվել» պետությանը. հայտնի է հաշվեհամարը
ՀասարակությունՕրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ, անդրադառնալով գույքահարկի ավելացմանը, հայտարարեց․ «Ոչ մի բան չի լինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը 2 տուփ ծխախոտ պակաս ծխի, էդ 2 տուփ ծխախոտի փողը վճարի բյուջե։ Մի շիշ օղի պակաս խմի, էլ չեմ ասում՝ 2 շիշ, էդ փողը վճարի բյուջե, որովհետև դա դառնում է ճանապարհ։ Այդ գույքահարկը, որ ավելացրինք, հորս տո՞ւն եմ տանելու։ Ո՛չ, ձեր հոր տունն է մտնելու», - ասաց Փաշինյանը։
Վարչապետի այս հայտարարությունից հետո « օղուն մոտ» կանգնած մի խումբ անձինք զանգահարել են ԼՈՒՐԵՐ․com և հետաքրքրվում էին, թե իրենց չխմած 2 շիշ օղու փողը ո՞ւմ և ինչպե՞ս կարող են «մուծվել»։ Անսալով քաղաքացիների խնդրանքին՝ վերջիններիս ուղղորդելու համար ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, սակայն վերջինս, ի պատասխան մեր հարցի, կտրուկ արձագանքեց՝ նշելով, որ նման հարցեր չի մեկնաբանում։ Նա նաև փոխանցեց, որ այդ մասին կարող ենք տեղեկանալ Ֆինանսների նախարարությունից։
Մենք նախարարության կայքէջից տեղեկացանք, որ քաղաքացու կողմից պետությանը նվիրատվություն անելու համար բյուջեով նախատեսված կետ կա՝ նվիրատվություն ֆիզիկական անձանցից ու կազմակերպություններից, պետական գանձապետարանին, որին փոխանցում կարող են անել հետևյալ հաշվեհամարով՝ 900005260121։
Սոնա Հարությունյան