Վարդենիսցիները փակել են Արցախ-Հայաստան միջպետական ճանապարհը. պատգամավորը կոչով է հանդես եկել (տեսանյութ)
ԲլոգոսֆերաԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր ավելի վաղ տեղեկություն եմ ստացել, որ Վարդենիս քաղաքի մի խումբ բնակիչներ Վարդենիսի առաջին ատյանի դատարանում կայացած դատական մի նիստից հետո շրջափակել էին դատարանի շենքը, ապա` փակել Վարդենիս-Երեւան միջպետական ավտոճանապարհը:
Նրանք պահանջում են արդարություն, արդար դատաքննություն եւ հանդիպում Գեղարքունիքի մարզի դատախազի հետ:
Օրվա ընթացքում կապի մեջ եմ եղել ճանապարհ փակած մեր հայրենակիցների հետ՝ հստակեցնելու նրանց բարձրացրած բողոքներն ու օգնելու իրավական հնարավորությունները։
Սիրելի՛ վարդենիսցիներ ,
Թեեւ գործը դատաքննության փուլում է, եւ դատախազության գործառույթները գրեթե ավարտված են այս գործով, այնուամենայնիվ, Գեղարքունիքի մարզի դատախազը պատրաստակամ է հանդիպելու քաղաքացիներին:
Տեղեկացնում եմ, որ վաղը մի քանի հոգով հանդիպում կունենաք Գեղարքունիքի մարզի դատախազի հետ, նա պատրաստակամ է ընդունել բողոքողների ներկայացուցիչներին, քննարկել բողոքներն ու պահանջները` արդար դատաքննության իրականացման վերաբերյալ:
Հետևաբար կոչ եմ անում հիմա բացել ճանապարհն ու մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորություն տալ»: