Վրաստանում կարանտին և արտակարգ դրություն չի մտցվի
GeorgiaՎրաստանի կառավարությունը չի պատրաստվում կարանտին կամ արտակարգ դրություն մտցնել երկրում, Sputnik Georgia-ի փոխանցմամբ` հայտարարել է կառավարության վարչակազմի ղեկավար Նատիա Մեզվրիշվիլին կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո: Ըստ նրա՝ այսօր և՛ պետությունը, և՛ առողջապահական համակարգը, և՛ հիվանդանոցային հատվածը շատ ավելի լավ են պատրաստված համաճարակի դեմ պայքարին:
«Կառավարությունն այսօր լիովին վերահսկում է իրավիճակը, բայց չպետք է մոռանանք, որ վարակների թիվն աճում է, և մենք պետք է հատկապես զգույշ լինենք: Չնայած իրավիճակը վերահսկվում է` մենք պետք է պահպանենք սոցիալական հեռավորությունը, դիմակ կրենք և զերծ մնանք հավաքույթներից», - ասել է Մեզվրիշվիլին: Նատիա Մեզվրիշվիլին խնդրել է բնակչությանը ըմբռնումով վերաբերվել ծիսական միջոցառումների և տոնակատարությունների, հատկապես հարսանիքների անցկացման հետ կապված սահմանափակումներին։ Նրա խոսքով՝ հարսանիքները կարևոր դեր են ունեցել վարակվածների թվի ավելացման հարցում։