Մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ, հրաժարականի հարց իմ օրակարգում չկա. ԿԳՄՍ նախարար
ՔաղաքականԵթե տեսնեմ իմ հրաժարականի նախադրյալները, հիմքերը կան և սխալ ուղղությամբ ենք առաջ գնում, ինքս հրաժարական կներկայացնեմ, ես կխնդրեմ մեր գործընկերներին՝ ամպագորգոռ հայտարարություններով և հրաժարականներով ինձ չվախեցնել, որովհետև ես չեմ վախենում դրանցից, եթե ինքս զգամ, որ մենք գնում ենք սխալ ուղղությամբ` հրաժարական կտամ, հիմա իմ օրակարգում նման հարց չկա: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ չի հանդիպում իր հրաժարականը պահանջող երիտասարդների հետ, նախարարն արձագանքեց. «Երբ խմբերը դնում են այնպիսի ծայրահեղ կետեր իրենց օրակարգում, ինչպիսին օրինակ՝ հրաժարականն է, ես անիմաստ եմ գտնում դա քննարկելու, որովհետև դա իրենց պայքարի և իրենց օրակարգի հարցն է և ամենևին էլ իմ օրակարգի հարցը չէ: Իմ օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումն է և ոլորտում նորություն բերելը»,-հայտարարեց նա։