Անվտանգության մարմինները ոչ թե իմ կամ ձեր հեռախոսը լսելով պետք է զբաղվեն, այլ պետք է գործակալներ բռնեն. Մարուքյան
PoliticalԱյսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ռուսական «Դոսյե» կենտրոնի այն վերլուծությանը, թե Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում։
«Ես չգիտեմ, թե որքան է այդ աղբյուրը հավաստի։ Ձեր անձնագրի պատճեն էլ կարող է ինչ-որ մեկի մոտ լինել, իմն էլ, մյուսինն էլ. անձնագրի պատճենով որեւէ բան չենք կարող պնդել։ Որքան հասկանում եմ՝ Հայաստանում քննություն պետք է իրականացվի։ Դա անվտանգության մարմինների թեման է։ Անվտանգության մարմինները ոչ թե իմ կամ ձեր հեռախոսը լսելով պետք է զբաղվեն, այլ պետք է գործակալներ բռնեն, նայել, թե ով է ուզում պետական անվտանգությանը սպառնալ»,- նշեց Մարուքյանը։
Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի՝ «թեժ աշուն» կանխատեսելու վերաբերյալ հայտարարություններին՝ ԼՀԿ ղեկավարն ասաց. ««Լուսավոր Հայաստանն» իր ծրագրերն ունի եւ իրականացնում է հերթով։ Չգիտեմ՝ թեժ աշուն ինչ նկատի ունեն։ Հիմա նաեւ իշխանություններն ամեն ինչում մեղադրում են ընդդիմությանը։ Ես կանխատեսել եմ, որ մի քանի օրից ընդդիմությանը մեղադրելու են օրերը ցրտելու մեջ։ Թեժ աշնան տակ մենք կարող ենք տեսնել, որ հրաժարականի պահանջ է շրջանառվում ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով կամ ստեղծվում է քննիչ հանձնաժողով»։