«Աշունը լինելու է թեժ այնպես, ինչպես եղավ ամառը թեժ, ինչպես գարունն էր թեժ, ինչպես ձմեռն է թեժ լինելու»
Political«Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանում ամեն ամիս և տարվա ամեն եղանակ է թեժ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, անդրադառնալով քաղաքական «թեժ աշնան» մասին հարցին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ գործող իշխանության պարագայում քաղաքական կլիշեները չեն աշխատում:
«2018 թ. մայիսից սկսած տարբեր պատճառներով այս Կառավարությունը առիթ է ստեղծել մշտապես, որ ցանկացած ամիս թեժ անցնի Հայաստանում: Ռետրոսպեկտիվ անալիզ անելով՝ կարող ենք տեսնել, որ այս ամենի հիմքում դրված է Նիկոլ Փաշինյանի և իր Կառավարության կիսագրագետ, դեմագոգիկ, անպատասխանատու կեցվածքը ցանկացած ոլորտում: Վերջերս ես ինձ բռնեցի այն մտքին, որ այս Կառավարությունը կարծես կոմիքսների Կառավարություն լինի, կոմիքսների հերոսների Կառավարություն: Ցավոք սրտի, այդ կոմիքսների գինը վճարում է ժողովուրդը և պետությունը: Ես կառաջարկեմ դուրս մնալ ժամանակային կլիշեներից: Այո, աշունը լինելու է թեժ այնպես, ինչպես եղավ ամառը թեժ, ինչպես գարունն էր թեժ, այնպես, ինչպես ձմեռն է թեժ լինելու»,- ասաց Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանում օրեցօր աճում են դժգոհությունները, որոնք պետք է ընկած լինեն քաղաքական գործընթացների հիմքում: