Ես որևէ պատգամավորի փոխարեն իր մանդատի հետ կապված ոչ կարող եմ որոշում կայացնել, ոչ կարծիք հայտնել․ Մակունց
ПолитическиеԻնձ հետ անձամբ եղել են աշխատանքային քննարկումներ, մնացյալ հարցերը, որոնք առնչվում են առանձին պատգամավորների, խնդրում եմ ուղղել հենց իրենց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ հնարավոր է վայր դնեն մանդատը, այդ թվում Գայանե Աբրահամյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համազասպ Դանիելյանը, Լուսինե Բադալյանը:
«Խմբակցությունում որևէ լուրջ խնդիր չկա: Մենք պետք է համակերպված լինենք, որ մեր խմբակցությունում տարբեր հարցերի հետ կապված կարող են լինել տարբեր մոտեցումներ, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում»,-ասաց Մակունցը:
Հարցին, թե բացառո՞ւմ է, որ առաջիկայում մանդատը վայր դնողներ լինեն, նա պատասխանեց. «Մենք բռնապետական համակարգում չենք և ես որևէ կերպ որևէ պատգամավորի փոխարեն իր մանդատի հետ կապված ոչ կարող եմ որոշում կայացնել, ոչ կարծիք հայտնել։ Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում կայացնում իր հիմնավորմամբ և հետևաբար ես անհարկի եմ համարում այդ հարցերը»: