Չի կարող նախարարի կամ պատգամավորի կենսագրությունը 3 տող լինել․ Էնֆիաջյան
PoliticalՔանի դեռ վճիռը չի կայացվել, ես նման հայտարարությամբ հանդես չեմ գա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, և սա փորձ է հանրահավաքից առաջ նրան լռեցնելու։
«Ես լիահույս եմ, որ դատարանը նման որոշում չի կայացնի»,-ասաց Էնֆիաջյանը։
Հարցին ԲՀԿ-ն ինչո՞վ է խանգարում իշխանությանը, որ քաղաքական հեպանդում է իրականացվում, Էնֆիաջյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ այդ հարցը պետք է տաք իշխանության ներկայացուցիչներին։ Ես պետք է ասեմ, որ հունիսի 5-ի հայտնի քաղաքական խորհրդից հետո սկսվեց հայտարարությունների շարք, որից հետո քաղաքական պարզաբանումներ չհնչեցին, այլ սպառնալիքներ և վիրավորական խոսքեր, ինչին հաջորդեց այս քրեական գործը, որը քաղաքական ենթատեքստ ունի։ Ուշ թե շուտ իրականությունը ջրի երես է դուրս գալու և բոլորի համար պարզ է դառնալու»։
Անդրադառնալով հոկտեմբերի 8-ին կայանալիք հանրահավաքին, Էնֆիաջյանը նշեց, որ հանրահավաքին կհնչեն այն օրակարգային հարցերը, որոնք մեր հանրության համար առաջնային են։
Հարցին, թե ի՞նչն է կապում իրենց «Հայրենիք» և «ՀՅԴ» կուսակցությունների հետ, Էնֆիաջյանը նշեց․ «ՀՀ-ում ստեղծված իրավիճակի, տարբեր ոլորտների խնդիրների լուծման տեսլականն է մեզ միավորում։ Միասնական աշխատել, պայքարելայս ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Այնպիսի հիմնախնդիրների լուծումներ, ինչպիսին են՝ կադրերի անփորձությունը, տարբեր ոլորտներում ձախողումները»։
Դիտարկմանը, թե իշխանությունը նշում է, որ ավելի լավ է անփորձ լինեն, քան կաշառակեր, Էնֆիաջյանը նշեց․ «Ոչ անփորձ պետք է լինեն, ոչ էլ կաշառակեր, որևիցե մեկը փորձադաշտ չի մեր ժողովրդի համար։ Չի կարող նախարարի կամ պատգամավորի կենսագրությունը 3 տող լինել»։