Ունենալով ժողովրդի լիարժեք աջակցությունը՝ մեր կառավարությունը վճռական է իրականացնելու բարեփոխումների իր հավակնոտ օրակարգը. վարչապետ
PoliticalՀայաստանը կարևորում է Կայուն զարգացում-2030 օրակարգի արդյունավետ իրականացումը: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2020 թ․ի հուլիսի 10-ին Հայաստանը ներկայացրեց Կայուն զարգացման նպատակների իր երկրորդ կամավոր ազգային զեկույցը: Այս տարվա Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի թեման՝ Արագացված գործողությունները և փոխակերպման ուղիները, կատարելապես արտացոլում է 2018-ի Ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի հռչակած ազգային առաջնահերթություններն ու քաղաքականությունը:
Ունենալով ժողովրդի լիարժեք աջակցությունը՝ մեր կառավարությունը վճռական է իրականացնելու բարեփոխումների իր հավակնոտ օրակարգը, որը միտված է պետական հզոր հաստատությունների միջոցով մրցունակ և ներառական ժողովրդավարական հասարակության կառուցմանը: Բարեփոխումների օրակարգը ներառում է հասարակական կյանքի յուրաքանչյուր ոլորտ՝ շեշտը դնելով մարդու իրավունքների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, անկախ դատական համակարգի և պետական կառավարման բարելավման վրա:
Մենք հետամուտ ենք լայնածավալ տնտեսական և սոցիալական զարգացման օրակարգին՝ ապավինելով տեխնոլոգիական, բնապահպանական և կրթական բարձր չափանիշների: Այս շաբաթ մեր կառավարությունը շրջանառության մեջ դրեց Մինչև 2050 թվականը Հայաստանի փոխակերպման ռազմավարության նախագիծը, որում թվարկված են 16 գերնպատակներ՝ խարսխված արդիականության և առաջընթացի համարձակ տեսլականի վրա»,- ասել է վարչապետը: