Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չունի ռազմական լուծում. Լեոնիդ Սլուցկի
ИностранныйԼեռնային Ղարաբաղում իրավիճակը չունի ռազմական լուծում, «բոլոր արտաքին խաղացողները» պետք է նպաստեն դրա խաղաղ կարգավորմանը: Այսպիսի կարծիք է երկուշաբթի լրագրողներին հայտնել Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չունի ուժային կամ ռազմական լուծում: Կողմերը պետք է կանգ առնեն, զսպվածություն ցուցաբերեն, որպեսզի խուսափեն մարդկային նոր զոհերից, վերադառնան բանակցային գործընթացին»,- ընդգծել է նա:
Կոմիտեի ղեկավարը բոլոր արտաքին խաղացողներին կոչ է արել ջանքերն ուղղել ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը: «Անդրկովկասում նոր բռնկումը կարող է ցավալի հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի անվտանգության համար»,-նշել է նա:
Սլուցկին նաեւ հայտնել է, որ Պետդուման վաղը կքննարկի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անհապաղ հրադադարի ռեժիմ սահմանելու անհրաժեշտության մասին հայտարարության նախագիծը»: «Պատրաստ ենք միջնորդային առաքելությամբ հանդես գալ՝ կանխելու հետագա լարվածությունը»,-ասել է պատգամավորը: