Եթե պատերազմը երկարեց, ապա ՀՀ ԱԺ-ն պետք է քննարկի Արցախի ճանաչման հարցը․ Արցախի ԱԺ նախագահ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի կարծիքով` Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունները Արցախի դեմ ոչ թե Ադրբեջանի ժողովրդի պատերազմն է, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իշխանությունը պահելու:
«Ադրբեջանի ժողովուրդը թող ժողովրդավարական ճանապարհով իշխանություններ ընտրի, և մենք պատրաստ ենք բանակցելու, որովհետև այդ հարցերի շրջանակը ոչ թե վերաբերվում է Երևանին, այլ վերաբերվում է Բաքվին և Ստեփանակերտին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Թովմասյանը՝ անհրաժեշտ համարելով Արցախին որպես բանակցային կողմ ներգրավելը:
Թովմասյանը հավաստիացրեց, որ արդեն ՊԲ-ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է տեղափոխել թշնամու տարածք ու մարտի ելքը վճռել այնպես, ինչպես եղավ 1992-94 թվականների պատերազմի ժամանակ, ինչպես եղավ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, ինչպես եղավ տավուշյան դեպքերի ժամանակ:
ԱԺ-ը նախագահը նաև հայտարարեց, որ եթե պատերազմը երկարի, ապա ՀՀ ԱԺ-ն պետք է քննարկի Արցախի ճանաչման հարցը։
Նա նշեց, որ երեկ ԱԺ-ում այդ մասին խոսել են և՛ պատգամավորները, և ՀՀ վարչապետը։ Թովմասյանի խոսքով` Արցախի հանրապետության ճանաչման հարցը չպետք է դառնա քաղաքական թեմա, այլ պետք է ՀՀ ԱԺ երեք խմբակցությունների կողմից համատեղ մտնի ԱԺ օրակարգ։