Միջազգային կառույցների ոչինչ չանելը ամեն օր հանգեցնելու է նոր մարդկային զոհերի. ՀՅԴ ՀԵՄ-ը երթ է նախաձեռնել դեպի ՄԱԿ-ի գրասենյակ
ОбществоԱյս պահին Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաքվել են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները, որոնք քիչ հետո երթով շարժվելու են Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչություն:
Նախքան երթը սկսելը, մասնակիցներից մեկը հանդես եկավ ելույթով. «Այս պահին բոլորս մեր հայացքը հառել ենք դեպի Արցախ, դեպի հայրենի սահման: Անցնող օրերին մեր ազգը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երբ թշնամին զենքի միջոցով փորձում է մեզ բան պարտադրել, մենք դառնում ենք միասնական և անկոտրուն, դառնում ենք բռունցք և վահան: Ադրբեջանը և Թուրքիան, սանձազերծելով նոր պատերազմ, ևս մեկ անգամ եկան փաստելու, որ հայ ժողովուրդը իր հայկական բանակով իր անվտանգության միակ երաշխավորն է. ինչպես Արամն էր ասում՝ մենք ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին»,- ասաց նա:
Իր ելույթում նա նաև անդրադարձավ միջազգային կազմակերպությունների արձագանքին. «Այսօր միջազգային հանրությունը լուռ է այս հարցում և միջազգային կազմակերպություններն ու պետությունները ևս ունեն անելիք և ունեն պարտականություններ, որոնք տարբեր ամբիոններից բազմիցս հնչեցրել են: Նրանք դեռ չեն տվել իրադարձություններին անկողմնակալ գնահատական, իսկ ոչինչ չասող և հավասարության նշան դնող հայտարարությունները միմիայն տուրք են տալիս Ադրբեջանի լկտի և ահաբեկչական քայլերին: ՄԱԿ-ը, որպես միջազգային անվատնգության համակարգի երաշխավոր, պարտավոր է գործուն քայլերով սանձելու Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական պահվածքը, ավելին՝ ՄԱԿ-ը ունի կոնկրետ կանոնադրային պարտավորություններ, որոնցով պարտավոր է պահպանել է միջազգային հումանիտար իրավունքը, այդ թվում և չճանաչված պետություների բնակիչների համար: Մենք մեր հայացքը չենք հառել դեպի դուրս՝ օգնության ակնկալիքով մենք ունենք մեր անվտանգության իրական երաշխավորը՝ հայկական բանակը: Բայց միջազգային կառույցները ունեն հստակ պարտավորություններ և պարտականություններ, որոնց չկատարելը ամեն օր հանգեցնելու է նոր մարդկային զոհերի և հումանիտար նոր աղետների»,- ընդգծեց նա:
Նա հայտնեց, որ հենց այսօր են իրենց նամակը փոխանցելու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, քանի որ տեղյակ են, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը այսօր Արցախի հարցով նիստ է հրավիրել. «Մեր ձայնը բարձրացնում ենք ևս մեկ անգամ՝ կոչ անելով ՄԱԿ-ին տալ արժանի գնահատական Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական գործողություններին»: