Տիկ-Տոկի գրասենյակից զանգահարել են ՀՀ ՄԻՊ՝ այն արգելափակելուց հետո
Հայաստանի վիրտուալ տարածքում TikTok սոցիալական կայքի աշխատանքն արգելափակելուց հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են զանգահարել TikTok–ի գրասենյակից։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Մեզ զանգահարել և խնդրել են մեր մոնիթորինգի արդյունքները, որպեսզի իրենք հասկանան, թե այդ ատելությունը որտեղից է տարածվում և հասկանան, թե դա ինչ է»,– ասաց Թաթոյանը։
Պաշտպանը հայտնեց, որ իրենք պատրաստակամություն են հայտնել տրամադրելու մոնիթորինգի արդյունքները։ Առիթից օգտվելով՝ ՄԻՊ գրասենյակն իր մտահոգությունն է հայտնել կայքում վերահսկողության ցածր մակարդակի վերաբերյալ։
«Մենք արձանագրել էինք բռնության կոչերով ու բռնության ագրեսիվ տեսարաններով, այդ թվում՝ սպանություններով հրապարակումներ սոցիլական ցանցերում` Facebook, Tweeter և ամենաագրեսիվն այս իմաստով TikTok-ն էր»,– նշեց Թաթոյանը։
Հիշեցնենք` TikTok–ում տարածվող հակահայկական քարոզչության ու բռնության կոչերի հետևանքով ՀՀ իշխանությունը հոկտեմբերի 1–ից արգելափակել է TikTok–ի հասանելիությունը հայաստանյան համացանցի տիրույթում։