«Չեմ ուզում պատերազմ». խաղաղության մանիֆեստ Թբիլիսիում՝ էթնիկ հայերի ու ադրբեջանցիների մասնակցությամբ
GeorgiaAliq-ը գրում է, որ Վրաստանի կառավարության շենքի դիմաց խաղաղության մանիֆեստ են անցկացրել էթնիկ հայերը, ադրբեջանցիները, նաև վրացիները:
«Մեզ` էթնիկ հայերիս ու ադրբեջանցիներիս համար, չափազանց կարևոր է խաղաղություն ունենալ Հարավային Կովկասում․ այդ պատճառով ենք այսօր այստեղ: Մենք դեմ ենք ցանկացած պատերազմի, դեմ ենք նրան, ինչ կատարվում է այսօր Լեռնային Ղարաբաղում: Վրաստանը կարծում է, որ այս կոնֆլիկտը երկխոսություն դառնալու պոնտենցիալ ունի, համոզված ենք, որ երկխոսությանն այլընտրանք չկա, այդ պատճառով ենք այստեղ կանգնած: Անթույլատրելի է, որ այսօր փոքրիկներ են մահանում, խաղաղ մարդիկ, զինվորներ, ու հույս ունենք, որ քաղաքական գործիչները կմտորեն այս հարցի շուրջ, ու հակամարտությունը երկխոսությամբ կփոխարինվի»,- Ալիքի հետ զրույցում ասել է քաղաքացիական ակտիվիստ Քրիստի Առաքելովան:
Մասնակիցները Վրաստանի կառավարությանը կոչ են արել չեզոքություն պահպանել, հնարավորության սահմաններում ձեռնարկել հումանիտար և այլ միջոցներ` երկու երկրներում տուժած քաղաքացիներին աջակցելու համար, լավ գիտակցել սեփական դերը` տարածաշրջանում խաղաղության աջակցության գործընթացում, միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում ռազմական ու քաղաքական լարվածության հետ կապված զգացմունքային դրսևորումները Վրաստանում կանխելու նպատակով։
Մասնակիցները միջազգային կազմակերպություններին հորդորեցին առավել արդյունավետ ու անմիջական միջոցներ ձեռնարկել հրադադարի ռեժիմի համար, իսկ տեղի լրատվամիջոցներին` հնարավորինս չեզոք լուսաբանել հակամարտության հետ կապված իրադարձություններն ու հաշվի առնել Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների գործոնը: