Արցախի Հանրապետության ճանաչման միջազգային իրավական հիմքերը. Վահե Էնֆիաջյան
Բլոգոսֆերա«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Պատմականորեն Արցախը եղել է հայաբնակ և հայալեզու, որի ապացույցն է Արցախում առկա հայական պատմամշակութային ժառանգությունը։
Լեռնային Ղարաբաղը առաջին անգամ որպես վիճելի տարածք հայտարարվել է նորաստեղծ Ադրբեջանի կողմից 1918 թվականին։ Նույն թվականին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչական մարմինը` Արցախի հայերի համագումարը, հայտարարել է իր անկախության մասին։
Առաջին անգամ Լեռնային Ղարաբաղը մտցվեց Ադրբեջանի կազմ ոչ իրավաչափ կերպով՝ 1921թ հուլիսին 3-րդ պետության կողմից (Ռուսաստանի կոմունսիտական կուսակցության կովկասյան բյուրո)՝ առանց հաշվի առնելու տվյալ տարածքի բնակչության կամքը։ Արցախի զգալի հատվածը` այդ թվում բացառապես հայաբնակ Շահումյանի շրջանը, դուրս է մնացել Ադրբեջանի կազմում արհեստականորեն ձևավորված ԼՂԻՄ տարածքից։
ԽՍՀՄ գոյության տարեներին ՀԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի ղեկավարությունները պարբերաբար ձեռնարկել են քայլեր ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու ուղղությամբ։
Ադրբեջանը ԼՂԻՄ-ում իրականացրել է բռանճնշումներ՝ թույլ չտալով ԼՂԻՄ-ի հայ բնակչությանը իրացնելու սահմանադրորեն (ԽՍՀՄ 1977թ․ Սահմանադրության, հոդված 27) և միջազգային իրավունքի նորմերով իրեն տրված ինքնավարությունը։
Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման գործընթացը (1988-1991թթ) իրականացվել է ԽՍՀՄ սահմանադրությանը, օրենքներին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Լեռնային Ղարաբաղն անկախացել է ԽՍՀՄ բազմաէթնիկ պետության փլուզման արդյունքում, և ձևավորել են պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտները․ հանրային իշխանություն՝ օրենսդիր, գործադիր, դատական մարմիններ, զինված ուժեր, Սահմանադրություն, պետականության խորհրդանիշներ (դրոշ, զինանշան, օրհներգ), մասնակցություն միջազգային հարաբերություներին։
ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սուվերեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս Լեռնային Ղարաբաղը երբևէ չի կազմել։
1991 թվականի անկախության վերականգնման մասին իրավական ակտով Ադրբեջանը իրեն հռչակել է Մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդ՝ հրաժարվելով խորհրդային Ադրբեջանի ժառանգությունից՝ այդ թվում ԽՍՀՄ-ի տարիներին ստորագրված բոլոր իրավական պայմանագրերից։
Արցախի Հանրապետության (ԼՂՀ) անկախության 30 տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ վարած ագրեսիվ քաղաքականությունը, ոչ կառուցողական և ահաբեկչական վարքագիծը ընդգծում է Արցախի հանրապետության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը»։