Մեղրիի քաղաքապետը առաջնագծում է վիրավորվել. վիճակը կայուն է
ՀասարակությունՄեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը երեկ Արցախի հարավում վիրավորում է ստացել: Վերջինս Արցախ էր մեկնել 3 օր առաջ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Զաքարյանի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
«Հասարակության շրջանում խուճապ կա, թե պարոն Զաքարյանը Մեղրիում է վիրավորվել, քանի որ Մեղրին էլ Արցախի հարավին զուգահեռ է, բայց դեպքը տեղի է ունեցել Արցախի հարավում: Զաքարյանը, ի թիվս այլ մեղրեցի կամավորների, մեկնել էր առաջնագիծ՝ որպես կամավորական»,- ասաց Ծատրյանը:
Խոսնակը նշեց, որ Զաքարյանը ոսկրային կոտրվածք է ստացել՝ ձախ ձեռքի ուսից-արմունկ ընկած հատվածում, վիրահատել են Երևանում. «4 ժամ տևած վիրահատությունից հետո պարոն Զաքարյանի ինքնազգացողությունը լավ է»:
Անդրադառնալով Մեղրիում օդային տագնապին՝ Ծատրյանն ասաց, որ դա եղել է փորձնական, բնակիչներին էլ նախապես տեղեկացրել են՝ խուճապից խուսափելու համար:
Նշենք, որ Մեղրիում իրավիճակը խաղաղ է:
Արփինե Հակոբյան