«Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության». մանրամասներ՝ Կաթնառատ գյուղի ջրից թունավորվածներից
ОбществоԻնչպես արդեն հայտնել էինք, Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում շարունակվում են հայտնաբերվել աղիքային հիվանդության նոր դեպքեր: Մանրամասները իմանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Կաթնառատի գյուղապետ Ռուբիկ Ղազարյանի հետ, որը նշեց՝ աղիքային հիվանդության հիմնական պատճառը մնում է ջրի վարկածը. «Տվյալ խնդրով մարդիկ օրի օրի ավելանում են: Իմ երկու թոռնիկներն էլ են հիմա հիվանդանոցում ու սիստեմա են ընդունում»,- նշեց գյուղապետը:
Ռուբիկ Ղազարյանը հավելեց, որ ջուրը իրենց գյուղինն է, և տարիներ շարունակ այդ ջուրն է գյուղացիներին սպասարկել:
Մեր այն հարցին, թե նման դեպք եղել է նախկինում, պատասխանեց. «Նման դեպք եղել էր 2015 թվականին, բայց պատկերը այլ էր՝ աղիքային հիվանդությունը այսպես լայն տարածում չգտավ»:
Կապ հաստատեցինք նաև Ստեփանավանի բժշկական կենտրոն, որտեղից մեզ հայտնեցին, որ Կաթնառատ գյուղից հիվանդանոց է տեղափոխվել շուրջ 35 հիվանդ. «Նրանք գտնվում են առողջական տարբեր վիճակներում՝ որոշները արդեն լավ են, որոշներն էլ՝ վատ: Հիմնականում ունեն ջերմություն, փորլուծություն: Այս պահին հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության»: