Հրադադարն ամենևին չի փաստում, որ լուծվել է Արցախի հարցը․ այս պատերազմում Թուրքիան, ուղղակիորեն, մտել է խաղի մեջ
Այս բանակցությունների գործընթացը, կարծես թե, սկսվեց Նիկոլ Փաշինյանի կողմից Վլադիմիր Պուտինին կատարված զանգից հետո, որի ժամանակ եղել են ինչ-որ խոսակցություններ, պայմաններ, ըստ տրամաբանության, որից հետո, քանի որ առաջինը հայկական կողմն է զանգել, Պուտինը կապվել է Ալիևի հետ․ այստեղ որոշակի պայմանավորվածություններ կան և հրադադարի հետ կապված հայտարարության մեջ կարծում եմ՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել հնարավոր բովանդակային քննարկումներներին, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ ինչ-որ փոխադարձ կամ ոչ փոխադարձ զիջումների մասին է խոսքը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում ՀՀ, ՌԴ և ԱՀ ԱԳ նախարարների` շուրջ 11 ժամ տևած բանակցություններից հետո արված հայտարարությանը, թե այսօր ժամը 12:00-ից սկսած հումանիտար հրադադար է հաստատվում արցախա-ադրբեջանական գոտում:
«Մենք, բնականաբար, չենք տիրապետում, թե դիվանագիտական դաշտում և պետության ղեկավարների զանգերի ժամանակ ինչ հարցեր են քննարկվում․ միայն դա իմանալու դեպքում կարող ենք հասկանալ բանակցությունների բուն պատճառները և թեման։ Գիտենք միայն այն, ինչ-որ հրապարակվում է բաց աղբյուրներում»,- նշեց Դանիելյանը։
Քաղաքագետն ընդգծում է՝ ինչ-որ եղել է պատերազմից առաջ մի բան է, ինչ-որ կատարվում է պատերազմի ընթացքում՝ այլ գործընթաց է, որովհետև այս պատերազմը, ընդհանրապես, գլոբալ և լոկալ առումներով իրավիճակի փոփոխություն է։
«Այս պատերազմում Թուրքիան ուղղակիորեն մտել է խաղի մեջ և ոչ թե որպես միջնորդ կամ որպես կողմ, այլ որպես պատերազմի մասնակից․ սա արդեն նոր իրավիճակ է։ Հիմա նոր գործընթաց է սկսվել, և Ադրբեջանը պետք է համաձայնի զինադադար կնքելուն, և այստեղ, բնականաբար, կան որոշ խոսակցություններ․ սա տրամաբանության դաշտից է»,- ասաց քաղաքագետն ու հավելեց, որ երբ հրադադարի ժամ է ֆիքսվում՝ միշտ ինչ-որ շարունակություն ունենում է, ինչ-որ ժամանակ է պետք, մինչև զինադադար կնքվի։
Թեև կողմերը պայմանավորվել էին այսօր՝ 12։00-ից սկսած դադարեցնել ռազմական գործողությունները, այնուամենայնիվ թշնամին խախտել է պայմանավորվածությունը։
Սյունիքի մարզի ուղղությամբ հարվածային ԱԹՍ կիրառելը քաղաքագետը կապում է բանակցային գործընթացնների հետ․ «Այս ռմբակոծությամբ թշնամին փորձում էր հասկացնել, որ, եթե ինչ-որ պայմանավորվածություններ չլինեին՝ հարձակում կլիներ Հայաստանի տարածքների վրա։ Մեր կողմից էլ, երևի, պատասխաններ եղել են կամ կլինեն, որը պետք է փոխադարձ սպառնալիք լինի»։
Այսօր Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ շարունակելու է աջակցել Ադրբեջանին ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ։
Քաղաքագետի պնդմամբ` Թուրքիայի այդ հայտարարությունը նշանակում է, որ հրադադարը, ամենևին, չի փաստում, որ լուծվել է Արցախի հարցը, այլ այդ կոնկրետ լուծումները իրենց տեսանկյունից պետք է լինեն։
«Դժվար եմ պատկերացնում, որ կարող է այս հրադադարից հետո զինադադար կնքվել․ սա երկարատև գործընթաց է և դրանում կարող են իրար նկատմամբ ուժային սպառնալիքներ կամ լոկալ ուժի դրսևորումներ լինել՝ որպես բանակցային գործընթացի մաս»,- նկատեց Դանիելյանն ու ավելացրեց, որ թեև այս հրադադարը շատ բան է փոխում, սակայն սա դիվանագիտական դաշտի շարունակությունն է, որի ընթացում կարող են լինել լոկալ ռազմական միջադեպեր։
Արփինե Հակոբյան