Մամիկոնը տեղով մեկ բարություն էր. ամեն ինչին նայում էր արվեստագետի աչքերով. մտերիմ ընկերուհին՝ զոհված Մամիկոն Կասոյանի մասին
ОбществоԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ժամկետային զինծառայող Մամիկոն Կասոյանն ազգությամբ եզդի էր, 19 տարեկան, Արտաշատից:
Մամիկոնի մտերիմ ընկերուհին՝ Մարիամ Հարությունյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ Մամիկոնն իր ճանաչած ամենաբարի մարդն էր. «Մամիկոնը տեղով մեկ բարություն էր: Իմ ամենաազնիվ, ամենահամեստ ընկերն էր։ Միշտ բոլորի դրության մեջ մտնում էր, բոլորին օգնում էր՝ փոխարենը ոչինչ չպահանջելով»:
Մարիամն ասում է՝ Մամիկոնին նմանեցնում էին Շիրվանզադեի «Արտիստին», քանի որ ամեն ինչին նայում էր արվեստագետի աչքերով:
«Իրենից մնացած միակ հուշը իմ ծննդյան օրը նվիրած նկարն էր։ Պինդ-պինդ պահել եմ, բայց չեմ կարողանում բացել, նայել»,- ասում է Մարիամն ու հիշում՝ թեև անընդհատ համոզում էր Մամիկոնին, որ Գեղարվեստի ակադեմիայում սովորի, բայց նա ուզում էր բարձրագույն կրթություն ստանալ. «Ընդունվեց ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետ և անմիջապես զորակոչվեց բանակ: Նոր միջավայրին հեշտ էր ընտելանում, ավելի ճիշտ, միջավայրն իրեն էր ընտելացնում. դա հատուկ է արվեստագետ-նկարիչներին»:
Թեև Մամիկոնն ազգությամբ եզդի էր, սակայն խոսում էր կատարյալ գրագետ հայերենով. «Շատ, շատ պայծառ տղա էր։ Երբ ինչ-որ մեկը տխուր էր լինում, Մամիկոնն սկսում էր կոմիկ դերասանների պարոդյան անել»,- ընդգծում է Մարիամը:
Մամիկոնը վերջին անգամ խոսել է քրոջ հետ՝ ասելով, որ ամեն ինչ լավ է:
Արփինե Հակոբյան