Էջմիածնի քաղաքապետը որոշել է ղեկավարել կամավորների ջոկատը
SocietyՀայաստանի միակ կին քաղաքապետը՝ Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, կամավորագրվել է Հայրենիքի պաշտպանությանը եւ հայտարարել՝ պատրաստ է գնալ իր բաժին հաղթանակի հետեւից:
Կընդգրկեն իրեն առաջնագիծ գնացող որեւէ խմբում, թե ոչ, Գասպարյանը դեռ չգիտի, բայց կարեւորը՝ հոգեպես պատրաստ է, գրում է «Հայկական ժամանակը»:
Կայքի հետ զրույցում Դիանա Գասպարյանը նշել է, որ կազմավորումից հետո կամավորական ջոկատն անցնելու է համապատասխան զինվորական պատրաստականություն, հետո նոր սպասելու է հրահանգի:
«Այդ պրոցեսը լինելու է զինկոմիսարիատների վերահսկողության ներքո, բայց ջոկատը գլխավորելու եմ ես: Չգիտեմ՝ պատասխանատու մարմինները նպատակահարմար կգտնե՞ն ինձ առաջնագիծ ուղարկել, թե ոչ, բայց կլինեմ այնտեղ, որտեղ անհրաժեշտ կհամարվի: Ընտանիքս այդ փաստն ընդունել է որոշակի մտահոգությամբ եւ անհանգստությամբ, բայց կարծում եմ գիտակցաբար է մոտեցել հարցին»,- ասել է նա: