Վազգեն Սարգսյան. Մենք ինքներս ենք մեր տունը շինելու (տեսանյութ)
Armenia«Հարգել, գնահատել, ես հարգում եմ Լևոն Տեր–Պետրոսյանին։ Իմաստուն և բարոյական մարդ–գործիչ է»։ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ իր հարաբերությունների մասին այպես է ասել սպարապետ Վազգեն Սարգսյանը 1999–ի հունվարի 29–ին ՀՀԿ 5-րդ համագումարի ընթացքում։
Սպարապետն իր ելույթում նշելով, որ Լևոն Տեր–Պետրոսյանը նախագահի պաշտոնից հեռացել է՝ իր հետ տանելով իր համոզմունքները, հավելել է, որ եթե Տեր–Պետրոսյանն ինքը որոշեր չհեռանալ, ոչ ոք նրան չէր կարող հեռացնել։
Սարգսյանը, խոսելով նաև Վանո Սիրադեղյանի հետ իր հարաբերությունների մասին, նշել է, որ Վանոն իր ընկերն է. «Վանոն իմ ընկերն է, ինչպես իմ ընկերներն են Լևոնը, Ռոբերտը, Սերժը, Սամվելը, Բաբկենը։ Մենք միասին ահավոր ճանապարհ ենք անցել։ Եղել են օրեր, երբ մեր և երկրի ճակատագիրը կախված է եղել մազից։ Մենք հաղթահարել ենք այդ դժվարությունները և դա մոռանալու բան չէ»։
ՀՀԿ 5-րդ համագումարում Սպարապետը հայտարարել է, որ ցանկանում է մնալ Պաշտպանության նախարարի պաշտոնում. «Ես չեմ ուզում դառնալ նախագահ, ես չեմ ուզում դառնալ ԱԺ նախագահ, ես չեմ ուզում դառնալ վարչապետ։ Ես ուզում եմ մնալ Պաշտպանության նախարար։ Ես համարում եմ, որ բանակը Հայաստանի Հանրապետության կայունության և պաշտպանության հիմքն է։ Ես համարում եմ, որ առանց բանակի չի կարող լինել Հայաստանի Հանրապետություն։ Ես հավատում եմ Հայաստանի ապագային, ես հավատում եմ մեր տնտեսական ներուժին, ես համոզված եմ, որ մենք ինքներս ենք մեր տունը շինելու՝ բոլորս միասին։ Ես համոզված եմ, որ միայն գիտակից միասնականության դեպքում, դրական լիցքերով մենք կարող ենք ոտքի կանգնեցնել մեր երկիրը։ Մենք ունենք կայուն, մնայուն արժեներ։ Եվ այդ կայուն, մնայուն արժեքների դաշտի վրա մենք ունենք հրաշալի հնարավորություն կառուցելու մեր երկիրը։ Սա է իմ համոզմունքը, սա է շարժման համոզմունքը և ամենևին կարևոր չէ, թե ով կառաջնորդի այդ շարժումը»։
Հետաքրքիր է, նույն ՀՀԿ համագումարում, ավելի քան տաս տարի առաջ Վազգեն Սարգսյանի ելույթից հետո դահլիճում հնչում են բուռն ծափահարություններ, բոլորը ցնծությամբ ծափահարում են, բայց ոչ ոք ոտքի չի կանգնում։ Իսկ այսօր, գրեթե միշտ հակառակն է, բոլորը ոտքի են կանգնում, բայց ծափահարությունները մեղմ են։ Պարզապես հիմա, բոլորը կոմունիստական «բարի» ավանդույթի համաձայն ոտքի են կանգնում։
Հետաքրքրական է, թե ի՞նչ փոխվեց այս տարիների ընթացքում մեր ազգի մտածելակերպում»։