Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից երկրների ժողովում կոչ է արվել դատապարտել թուրքադրբեջանական ագրեսիան. ԿԳՄՍՆ
Science and cultureԵվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից պետությունների նախարարների կոմիտեի Հունաստանի նախագահությամբ կայացած համաժողովին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը եւ Նարինե Խաչատուրյանն իրենց զեկույցներում ներկայացրել են ԱՀ-ի եւ ՀՀ-ի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվում են Թուրքիայի անմիջական աջակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Նրանք կոչ են արել խստագույնս դատապարտել թուրքադրբեջանական ագրեսիան, որի հետեւանքով վնասվել են կրթական եւ մշակութային հաստատություններ, խախտվել է սովորողների կրթության իրավունքը։
Նախարարի տեղակալները, ներկայացնելով ադրբեջանաթուրքաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած ագրեսիան, մատնացույց անելով կարեւոր փաստեր, այդ թվում՝ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի օդուժի կողմից Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիում գտնվող հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկի՝ Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարի հրետակոծումը, հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտում ծննդատան ռմբահարումը, կոչ են արել Եվրոպայի Խորհրդին եւ անդամ պետություններին խստորեն դատապարտել ադրբեջանական լայնածավալ ագրեսիան եւ այն ուղեկցող պատերազմական հանցագործությունները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի պայմաններում կրթության անընդհատության ապահովմանն ուղղված միջոցառումները` նշելով, որ Ադրբեջանն ըստ էության աշխարհում դարձել է առաջին եւ միակ երկիրը, որ համավարակի՝ որպես միջազգային հանրությանը սպառնացող գլոբալ մարտահրավերի պայմաններում լայնածավալ պատերազմ է սանձազերծել։
«Մշակութային արժեքների նպատակային ոչնչացումը պատերազմական հանցագործություն է: Որեւէ հարձակում քաղաքացիական ենթակառույցների, պատմամշակութային վայրերի վրա պետք է անվերապահորեն դատապարտվի միջազգային կառույցների եւ հանրության կողմից: Այն պետությունը, որ կայացնում է ծննդատուն ռմբահարելու որոշում, դուրս է քաղաքակրթությունից, զուրկ է մշակութային ժառանգությունից: Քաղաքակիրթ աշխարհը վերջապես պետք է հասկանա սա»,- նշել է նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը։ Ներկայացնելով մշակութային ժառանգության վրա կլիմայական փոփոխությունների ազդեցության ուղղությամբ ձեռնարկվող գործողությունները՝ նախարարի տեղակալը խոսել է նաեւ ՀՀ 2020-2025 թթ. մշակութային ռազմավարության հիմնական ուղղությունների մասին, որտեղ առանցքային է նաեւ մշակութային ժառանգության պահպանումը:
Տեղեկացնենք նաեւ, որ համաժողովին մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինին, ինչպես նաեւ աշխարհի շուրջ 30 պետությունների նախարարներ, փոխնախարարներ եւ այլ պատասխանատուներ։ Համաժողովի նպատակն է ներկայացնել կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի ազդեցությունը կրթության, եւ կլիմայական փոփոխությունների ազդեցությունը մշակութային ժառանգության վրա, ինչպես նաեւ քննարկել եւ կիսվել այդ մարտահրավերներին դիմակայելու Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների փորձառությամբ: