Ինչպես կարելի է Հադրութը տալ ադրբեջանցուն ու 14 000 հադրութցիներին թողնել անտուն. հադրութեցի ցուցարար
ОбществоՀադրութցիները Ֆրանսիայի դեսպանատան դիմաց ցույց են իրականացնում՝ պահանջելով իրենց հողերը, մասնավորապես, Հադրութը. «Անմարդկային պատերազմը, փաստորեն, տեղահան արեց հադրութցիներին, ես զգում եմ վստահություն, որ մենք այդ պայքարով հողերը հետ ենք բերելու: Այդ քաղաքի հետ մենք ունենք շատ կարևոր երազանքներ և ձգտումներ: Ես հավատով լի եմ, որ Հադրութը վերադարձվելու է հայերին»,- ասաց երևանաբնակ ցուցարարը, որը վերջին շրջանում տեղափոխվել էր Հադրութ՝ տեղի արվեստի դպրոցը ծաղկեցնելու:
Ցուցարարների ակցիայի նպատակն է, որ պատերազմի ընթացքում բոլոր այն հողերը, որոնք չեն գրավվել ադրբեջանական զինված ուժերի կողմից և համաձայնագրի շնորհիվ անցնում են Ադրբեջանին, փոխզիջումներ անեն՝ հաշվի առնելով, որ Ակնան տալիս են Ադրբեջանին. «Այս ակցիան անցկացնելու ենք երեք համանախագահող երկրների դեսպանատների դիմաց՝ պահանջելով, որ Հադրութը վերադարձվի Արցախին: Հադրութում միշտ ապրել է հայը, և դա ապացուցված է դարեր ի վեր, այնտեղ պետք է միշտ մնա հադրութեցին»,- ասաց Հադրութի բնակիչը:
Արցախցիները լիահույս են, որ ոչինչ այսպես չի մնա, և բոլորը կվերադառնան իրենց տները. «Արցախցու հույսը, հավատը երբեք չի կորել, ճիշտ է, մենք բազում ակցիաներ էինք իրականացրել, որ չլռեն, կույր չլինեն և տեսնեն, թե ինչ ահաբեկչություն է կատարվում Արցախում, իհարկե, ապարդյուն: Բայց արցախցին երբեք իր հավատը չի կորցնում, մենք հուսով ենք, որ ինչ պահանջում ենք այսօր, դա կլինի»,- նշեց արցախցի ցուցարարներից մեկը՝ հավելելով. «Մենք հավատում ենք, որ ամեն ինչ դեռ կորած չէ, մենք ունենք մեծ հույսեր, որ վերադառնալու ենք մեր հայրենի հողը»:
Ցուցարարները այն կարծիքին են, որ հադրութցիների ճակատագրի մասին որևէ մեկը չի մտածում. «Որևէ մեկը չի մտածում, թե ինչ կլինի հադրութեցու հետ. ինչպես կարելի է Հադրութը տալ ադրբեջանցուն ու 14000 հադրութեցուն թողնել անտուն, դա մեզ համար անհասկանալի երևույթ է»,- եզրափակեց Հադրութի բնակիչը: