Ես չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ՝ էլ երբեք չեմ կարող ծաղիկներ դնել իմ մայրիկի և հայրիկի գերեզմաններին. հադրութցի
SocietyՀադրութցիները կրկին ցույց են իրականացրել, բայց այս անգամ արդեն ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց: Նրանց պահանջը մնում է անփոփոխ՝ իրենց վերադարձնել Հադրութը:
Նշենք, որ երեկ էլ ցուցարարները հավաքվել էին Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ նույն պահանջով. «Արցախյան պատերազմը կանգնեցվեց ամենադաժան ու ամենաանհասկանալի ձևով ու այն արդյունքի հետ, որն այսօր ունենք, համակերպվելն ու հաշտվելը, իհարկե, դժվար է: Հադրութցիները հավաքվել են, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն համապատասխան ատյաններին՝ հիմնականում դիմել ենք դեսպանատներին, այսօր էլ եկել ենք ՄԱԿ-ի գրասենյակ»,- նշեց հադրութցին:
Ցուցարարները ցանկանում են, որ այդ չարաբաստիկ թղթից հեռացվի այն կետը, որով Հադրութը հանձնվում է Ադրբեջանին, քանի որ ինչպես նշում են նրանք, այսքան տարի որքան խոսվել է փոխզիջումների մասին, Հադրութի անվանումը երբեք չի շրջանառվել այդ համատեքստում. «Հադրութը շատ կարևոր քաղաքակրթական հանգույց է, այնտեղ բազմաթիվ քրիստոնեական հուշարձաններ կան, և այն թողնել թշնամու ագրեսիայի տակ, պարզապես, աններելի է: Մենք մեր ձայնը ուզում ենք բարձրացնել, չլռել և չհամակերպվել եղած իրողության հետ, որովհետև հադրութցիները ուզում են վերադառնալ Հադրութ» ,- ասաց ցուցարարը:
Ցուցարարը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց պայքարը շարունակելու են՝ ՄԻՊ են դիմելու, ԱԳՆ և այլ կառույցներ, որոնք կարող են իրենց խնդրին լուծում տալ:
Մեկ այլ հադրութցի էլ նշեց, որ անհնար է հաշտվել հայրենիքի կորուստի հետ. «Այնտեղ են մեր ծնողների գերեզմանները, անգամ, մեր զոհված երեխաների մարմիններն են այնտեղ, որոնց դեռ պետք է գտնել և հողին հանձնել: Իմ հայրիկի, մայրիկի, տատիկի և պապիկի գերեզմաններն են այնտեղ, ես չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ՝ էլ երբեք չեմ կարող ծաղիկներ դնել իմ մայրիկի և հայրիկի գերեզմաններին: Որքան արցունք թափեցինք հերիք է, հիմա պետք է պայքարել»,- եզրափակեց ցուցարարը: