Վարդանն այդպես էլ չլսեց՝ ինչպես է դուստրը առաջին անգամ «հայրիկ» ասում
ОбществоԱրցախում հերոսաբար ընկած 29-ամյա Վարդան Մնացականյանը հայրենիքին նվիրեց իր սերն ու անկատար երազանքները: Մահ իմացյալ՝ անմահություն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասում է Վարդանի քույրը՝ Անուշ Մնացականյանը:
Վարդանը Արագածոտնի մարզի Թալինի շրջանից էր: Ամուսնացած էր, ունի մեկ դուստր:
Վարդանը 8 տարի ծառայում էր Ոստիկանության զորքերում, իսկ սերն ու նվիրումը դեպի հայրենիք՝ եղել է դեռ մանկուց: Հերոսի հայրը ևս աշխատել է Թալինի Ոստիկանության բաժանմունքում:
Անուշը հիշում է, որ Վարդանի դուստրը՝ Արփին, ատամհատիկի օրը ընտրել է հենց ոստիկանի մասնագիտությունը:
«Չափազանց հայրենասեր ու եռանդով լեցուն էր Վարդանը, իր տված երդումներին միշտ հավատարիմ էր մնում, բայց միայն մեկը չհասցրեց իրականացնել. պատերազմ գնալիս ասում էր՝ երբ աղջիկս հայրիկ ասի, հետ եմ գալու: Իսկ Արփին Վարդանի՝ դեռ սահմանին գտնվելու ժամանակ ասաց հայրիկ, իսկ հայրն այդպես էլ տուն չվերադարձավ»,- մեծ ցավով նշում է Անուշը:
Աշխատասեր ու նպատակասլաց Վարդանը կնոջ ու երեխայի համար ոչինչ չի խնայել, Անուշն ասում է՝ շատ սիրով ու նախանձելի զույգ էին:
«Վարդանը չկարողացավ շնորհավորել աղջկա 1 ամյակը, բայց կնոջը խնդրել էր նշել նրա ծնունդը: Եղբայրս ծնողներիս շատ էր օգնում, ուզում էր թեթևացնել նրանց հոգսը»:
Վարդանը զոհվեց Շուշիի պաշտպանության ժամանակ՝ նոյեմբերի 7-ին, իսկ նոյեմբերի 6-ին նրա դուստրը դարձել է 1 տարեկան: Վարդանի կնոջ աչքերում արցունքներին միախառնված հպարտություն կա:
Հերոսը հերոսին վայել մահով հուղարկավորվել է Եռաբլուրում:
Արփինե Հակոբյան