«Արցախում մարդկանց վերադարձն ապահովելու համար միայն կոչերն ու անկանոն քայլերը որևէ արդյունք չեն տա»
Բլոգոսֆերա«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Արցախում վերականգնման աշխատանքներ սկսելու և մարդկանց վերադարձն ապահովելու համար միայն կոչերն ու անկանոն քայլերը որևէ արդյունք չեն տա:
Ի դեպ, Հայաստան համահայկական հիմնադրամի գումարները հրատապ կարգով պետք է ուղղվեր Արցախին՝ առկա մեծ թվով խնդիրները լուծելու և շնչելու հնարավորություններ ստեղծելու համար:
Հայաստանի ու Արցախի իշխանությունները պետք է հրատապ կերպով գույքագրում անեն ստեղծված իրավիճակում մեր ունեցած գույքային կորուստները և դրանից բխող քայլեր ձեռնարկեն:
Հատկապես ենթակառուցվածքների, շենք-շինությունների, տների վերանորոգման, վերակառուցման, կառուցման աշխատանքները պետք է կատարվեն տեմպով: Իսկ դրա համար ՀՀ շինարարական պոտենցյալը պետք է արդեն լիներ Արցախում՝ արագ աշխատանքներ կատարեր բոլոր այն վայրերում, որոնք տուժել էին թշնամու խոցումներից:
Մարդկանց վերադարձը չպետք է իներցիոն բնույթ կրի, պետք է լինի գերկազմակերպված, հաշվարկված, որպեսզի վերադարձողները ապրելու տեղ, հնարավորությունը, կենցաղը կազմակերպելու գոնե նվազագույն պայմաններ ունենան:
Խոսքս առաջին հերթին նրանց է վերաբերվում, որոնց բնակարանները տուժել են ադրբեջանական հարվածներից կամ դեկտեմբերի 1-ի դրությամբ գտնվելու են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Իսկ այս մարդկանց թիվը տասնյակ հազարների է հասնում:
Մենք ևս մեկ հիասթափություն թույլ տալու իրավունք չունենք: Պետք է համախմբել հայության ողջ հնարավորությունները՝ Արցախը, արցախցուն լիարժեք կյանք մտցնելու համար:
Այս քայլերից շատ բան է կախված, իսկ առջևում դեռևս նոր ծանր շրջափուլեր են սպասվում»:
Արցախում վերականգնման աշխատանքներ սկսելու և մարդկանց վերադարձն ապահովելու համար միայն կոչերն ու անկանոն քայլերը որևէ...
Posted by Tigran Abrahamyan on 2020 թ. նոյեմբերի 18, չորեքշաբթի