Գեներալը չդիմացավ հայրենիքի կորստի ցավին. Աշոտ Մինասյան
ՀասարակությունԳեներալ Մանվելը մահացավ` տեսնելով իր ազգի գլխին եկած պատմությունը։ Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հոգեհանգստին նման կարծիք հայտնեց ազատամարտիկ, ռազմական գործիչ Աշոտ Մինասյանը:
Նրա խոսքով՝ շատերը չեն դիմանալու հայրենիքի կորստի ցավին. «Այսպիսի մի խոսք կա՝ ծառի կտրվելուց հետո են իմանում բնի հաստությունը։ Գեներալ Մանվելի մահանալուց հետո մենք բոլորս հասկանում ենք՝ ինչքան հզոր կերպար է եղել նա, մեր Արցախի հերոսը։ Մանվելը մահացավ՝ տեսնելով իր ազգի գլխին եկած այս ամբողջ պատմությունը, կորցրած հայրենիքը, Մեղրիի այն հատվածները, որ այսօր կարող եմ ասել՝ նվիրատվությամբ տրված է մեր թշնամուն։ Գեներալը չդիմացավ այս ցավին»,- նշեց նա:
Մինասյանն ասաց` գեներալի հետ վերջին անգամ զրուցել էր Շուշիում նրա վատանալուց մի քանի օր առաջ. «Ինքը շատ լավատես էր, հույս էր տածում, որ հավաքվելու ենք, ազգը ոտքի է կանգնելու և փրկելու ենք այն, ինչ հնարավոր է»,- ասաց Մինասյանը։