«Չինական ոստիկաննե՞ր». ոստիկանությունը պարզաբանում է՝ ովքեր են չինական գրությամբ հագուստներով ծառայողները
ОбществоԱյսօր կրկին քաղաքացիները փողոցներ էին փակել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Ոստիկանության ներկայացուցիչները փորձում էին բերման ենթարկելու միջոցով ցրել բողոքի ակցիայի մասնակիցներին: Սակայն, ուշագրավն այն էր, որ ոստիկանների շարքերում էին նաև չինական գրությամբ հագուստներով դիմակավորված ծառայողներ:
Թե ի՞նչ ծառայողներ են նրանք և ինչո՞ւ են չինական գրությամբ հագուստներով` ԼՈՒՐԵՐ. com-ը պարզեց ոստիկանությունից: «Ոստիկանության զորքերը մասնակցել են ռազմական գործողություններին և վերադառնալուց հետո իրենց հագուստները պիտանի չեն եղել կրման համար։ Պահեստավորված համազգեստ է հատկացվել, որոնց վրա ժամանակի սղության պատճառով հնարավոր չի եղել հայատառգրություն կատարել»,- մեր հարցին ի պատասխան` փոխանցեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Նշենք, որ համացանցում ակտիվորեն սկսեց քննարկվել անհասկանալի հագուստներով ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությունը բերման ենթարկելու գործողություններին: Ավելին՝ ֆեյսբուքյան օգտատերերը գրում էին, թե ոստիկանությունը նոր ստորաբաժանումներ ունի, հումոր էին անում, թե իշխանությունը «չինական ոստիկաններ» է բերել ցուցարարներին ցրելու համար:
Սոնա Հարությունյան