Հրաչը խուսափել է սնարյադի 2 հարվածից, սակայն օրեր անց զոհվել է (տեսանյութ)
ОбществоԱրցախում հերոսաբար ընկած 19-ամյա Հրաչ Մահտեսյանը բանակ էր զորակոչվել 2019 թվականի դեկտեմբերի 23-ին, ծառայում էր Սյունիքի մարզի Մեղրիի N զորամասում: Պատերազմի սկզբին նրան տեղափոխել էին Ջեբրաիլ:
«Մեզ ստել էր՝ ասելով, որ հոկտեմբերի 4-ին իրեն տեղափոխել են Ջեբրաիլ, իսկ 6-ին նորից տեղափոխել են Մեղրի, բայց հենց ամսի 1-ից Ջեբրաիլում է եղել: Դեպքն էլ տեղի է ունեցել այդտեղ՝ հոկտեմբերի 9-ին: Իրենց ամբողջ վաշտը զոհվել է, միայն մեկն է փրկվել»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հրաչի մայրը՝ Ալմաստ Հարությունյանը:
Հրաչը մորը պատմել է, որ այդ օրերին կարողացել է խուսափել սնարյադի 2 հարվածից, և վստահեցրել, որ իրեն ոչինչ չի պատահի. «Ասում էր՝ մամ ջա՛ն, էս ուրիշ կռիվ ա, մեր կռիվն ա, էս հարցը մենք պիտի լուծենք, որ մեր երեխաները չգնան կռիվ»:
Հրաչը Շիրակի մարզի Ազատան գյուղից էր: Սովորում էր գյուղի ավտոդպրոցում ու բանակում էլ վարորդ է եղել:
Հերոսին ճանաչողները գիտեն, որ նա ամեն մեկի հետ չէր շփվում, շատ լուրջ ու հասուն էր: Մայրն ասում է, որ իր խնդիրներն անձամբ էր լուծում, չափից դուրս աշխատասեր էր ու խելացի:
«Ընտանիքին շատ նվիրված էր Հրաչս, փոքր եղբոր համար ոչ թե եղբայր, այլ հայր է եղել: Բնավորությամբ շատ հանգիստ էր, ընկերասեր: Շատ նպատակներ ուներ, բայց ապագայում ուզում էր գյուղի սկզբնամասում տուն կառուցել, որ բոլորն իմանային՝ դա իր տունն է»,- նշեց Հրաչի մայրը:
Հրաչը հուղարկավորվել է Ազատանում:
Արփինե Հակոբյան