Մանե Թանդիլյանը՝ Արցախում պաշտոն զբաղեցնելու լուրերի մասին
NKՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում մեկնաբանեց լուրերն այն մասին, թե իրեն պաշտոն է առաջարկվել Արցախում Արայիկ Հարությունյանի կողմից։
«Ինձ չեն առաջարկել Արցախում նախարար դառնալ, այլ ուրբաթ օրը ես այցելել եմ Արցախ, իմ աչքերով տեսել եմ՝ ինչ է կատարվում Արցախում, որոշել եմ հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին և պատրաստակամություն հայտնել օգնել Արցախին՝ ինչով որ կարող եմ։ Ես ընդհատել եմ բուժումս պատերազմը սկսվելուն պես ու մնացել եմ Հայաստանում։ Մնացած ամբողջ մտքերը ֆանտազիայի ժանրից են, ինչ ասեմ»,– ասաց Թանդիլյանը։
Հիշեցնենք` 168.am-ն այսօր գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ երեկ Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին առաջարկել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանին նշանակել Արցախի սոցապ նախարար, ավելին՝ Թանդիլյանն ընդունել է ստացած առաջարկը, ու այս շաբաթ արդեն կստացվի նշանակման լուրը: