Կարճաղբյուրցի՛ք, ո՞ւր եք, ձեզ թալանում են. համայնքի ղեկավարը պարզաբանում է տարածված տեսանյութը (տեսանյութ)
ВидеоՀամացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են բեռնատարները Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղից տեղափոխում խողովակներ, որոնք տեսանյութը նկարահանած օգտատիրոջ մեկնաբանմամբ թալանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Կարճաղբյուր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանը հերքեց տարածված լուրը․ «Խողովակները եղել են համայնքի վարչական տարածքում, հավանաբար 80-ականաններից մնացած գազի գիծ էր, որը չէր օգտագործվում, ժամանակին աճուրդ է եղել, և Աբովյան քաղաքի բնակիչներից մեկը՝ Հայկ Միքայելյանը գնել է։ Նա է գնել խողովակները, հետո ցանկանում էր մեր գյուղում ՀԷԿ կառուցել, բայց չգիտեմ ինչ պատճառով չկառուցեց։ Երեկ էլ իմացանք՝ 3 բեռնատարով խողովակները տեղափոխել են գյուղից։ Այդ մարդը գնել է, իր սեփականությունն է, ինչ կուզի կանի, ես այդտեղ թալան չեմ տեսնում։ Այդ մարդու սեփականությունն է, ուզել է ՀԷԿ կառուցել, չի ստացվել, հիմա էլ խողովակները տեղափոխում է»,- ասաց Տարոն Քոչարյանը՝ նշելով, որ դա համայնքային սեփականություն չէ։
Նա նշեց, որ համայնքի բնակիչները ոգևորվել էին ՀԷԿ կառուցելու մտքից, քանի որ համայնքում որոշ տարածքներ առանց խնդրի կոռոգվեին, սակայն այդպես էլ չի իրագործվել․ «Բնական է, որ դա մեր որոշելիքը չի եղել, դա իրականացվում է Կառավարության հատուկ որոշումներով։ Թույլ չտվեցին, հիմա էլ այդ մարդու սեփականությունն է, որոշել է քանդել-տարել է»,- նշեց համայնքի ղեկավարը։