Նոյեմբերի 26-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի շրջանակում «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ» վերտառությամբ հարցի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը։

Դեսպան Պապիկյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ ԵԱՀԿ մասնակից երկրները քաղաքական հանձնառություն են ստանձնել հավատարիմ մնալ Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթում ամրագրված բոլոր սկզբունքներին, միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, ԵԱՀԿ-ն ցուցաբերեց անկարողություն կամ ցանկության, արագ և պատշաճ արձագանքելու ունակություն բացակայություն, Ադրբեջանի կողմից, նախևառաջ ուժի կամ դրա սպառնալիքի և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքների բացահայտ խախտման փաստերի մասով։
 
Նշել է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը Արցախի դեմ, որին ուղղակիորեն ներգրավված էին Թուրքիան և օտարերկրյա զինյալ ահաբեկիչները և ջիհադիստները, ակնհայտ ոտնահարում էր Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի բոլոր սկզբունքների։ Ավելին՝ Ադրբեջանին քաջալերեց նաև միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքը և տեղ-տեղ նույնիսկ դրա բացակայությունը։
 
Դեսպանն ասել է, որ Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության առումով անփոփոխ է և հիմնված է Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի վրա։ Հայկական կողմն ընդունել է կարգավորման երեք սկզբունքները՝ ուժի կամ դրա կիրառումից զերծ մնալու, երկրների տարածքային ամբողջականության և ազգերի իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի մասին, որոնք առաջարկվել են ՄԽ համանախագահների կողմից և ընդունվել են ԵԱՀԿ կողմից 2009 թ․։
 
Վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը և աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հանդեպ` որպես խաղաղ կարգավորման համար միակ միջազգային մանդատ ունեցող մեխանիզմի։
 
Նշել է նաև, որ ՌԴ նախագահի անձնական ներգրավվածության և գործողությունների շնորհիվ այսօր Արցախում զինադադար է, և սա նոյեմբերի 9-ի հայտարարության հիմնական ձեռքբերումն է։
 
Ընդգծել է, որ ուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող դիտվել որպես կատարված փաստ և հիմք հանդիսանալ հակամարտության շուրջ բանակցությունների և կայուն քաղաքական կարգավորման հիմք։
 
Այս համատեքստում նշել է, որ միայն քաղաքական և բանակցությունների արդյունքում ձևավորված կարգավորումը, առանց որևէ երրորդ երկրի ապակայունացնող և վտանգավոր ներգրավման, կարող է դիտվել որպես հակամարտության վերջնական, տևական և քաղաքական լուծում, և նպաստել տարածաշրջանում խաղաղության և ներդաշնակության հաստատմանը։ Հետևաբար, Թուրքիան, որն իր գործողություններով խաթարում է կարգավորման գործում առաջընթացը, չի կարող և չպետք է որևէ դերակատարում ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում։
 
Որպես առաջնային խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում, նշվել են Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցը, Արցախի վերջերս տեղահանված ազգաբնակչության ապահով և արժանապատիվ վերադարձի ապահովումը, հրատապ մարդասիրական, սոցիալական այլ խնդիրներին անդրադարձը։
 
Ընդգծել է, որ Հայաստանը գնահատում է Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը և ներգրավվածությունը` հույս հայտնելով, որ համանախագահները է՛լ ավելի ակտիվ և նպատակաուղղված քայլեր կձեռնարկեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ և բանակցային կարգավորման հասնելու համար։