Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ստեփանավան համայնքի ղեկավարի ժ/պ
ՀասարակությունԱրմեն Գրիգորյանը նշանակվել է Ստեփանավան համայնքի ղեկավարի ժ/պ: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում` գրելով.
«Սիրելի համաքաղաքացիներ, ինչպես արդեն գիտեք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` նշանակվել եմ Ստեփանավան միավորված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Շնորհակալություն եմ հայտնում պետության ղեկավարին վստահության համար:
Այս ծանր ժամանակներում նման պատասխանատու աշխատանքի ստանձնումն, ինչ խոսք, խիստ պատասխանատու է, բայց ուզում եմ վստահեցնել, որ անկախ առկա մարտահրավերներից, մեծ հավատ ունեմ, որ միասնականությամբ ու հանդուրժողականությամբ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները, ի բարօրություն մեր սիրելի քաղաքի: Ստեփանավանը Հայաստանի բացառիկ համայնքներից է, որ իր օրակարգի դժվարություններով հանդերձ` առաջընթացի մեծ ներուժ ունի:
Այս ձևաչափով առաջին անգամ դիմելով իմ համաքաղաքացիներին` ուզում եմ նախ և առաջ շնորհակալություն հայտնել բոլոր կարծիքների և դրական վերաբերմունքի համար, միևնույն ժամանակ ուզում եմ խնդրել, որ հետայսու առավել համախմբված և սիրով գործենք` որպես նպատակ ունենալով Ստեփանավանն առավել գրավիչ դարձնելը: Ցանկանում եմ վստահ լինեք, որ պատրաստակամ եմ կանգնել յուրաքանչյուրիդ կողքին, խրախուսել բոլոր դրական գաղափարները, լիահույս եմ, որ մեր յուրաքանչյուր բարի նախաձեռնություն կստանա ձեր անվերապահ աջակցությունը: Ստեփանավանը մեր տունն է, յուրաքանչյուր ստեփանավանցի այդ տան լիիրավ անդամ է, և քաղաքի հանդեպ մեր հոգածությունը պետք է լինի համատարած: Բարին բոլորիս հետ:
Ստեփանավան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար` Արմեն Գրիգորյան»: