Բոլորս քաղաքագետ ու ռազմագետ ենք, բայց ոչ մարդ. Լուիզա Ներսիսյան
Society«Ցավոք մենք ունենք երկու կյանք, մեկը սոցիալական ցանցերի կյանքը, մյուսն էլ իրական կյանքը: Իրական կյանքում ունենում ենք լիքը կորուստներ, իսկ սոցիալական ցանցերում յուրաքանչյուրը գրանցում է իր հաջողություններն ու հաղթանակները: Ես շատ կուզեմ, որ այդ հաղթանակներն ու կոչերը իրական կյանքում լինեն: Մարդիկ հասկանան, որ շատ բաներ իրենցից է կախված, այսինքն՝ գործ անեն: Յուրաքանչյուրին շատ հեշտ է վատաբանել ինչ-որ մեկի քայլը, վերնագրերի ազգ ենք դարձել, երբեք չեն խորանա՝ ինչ են ուզում մարդիկ. մենք մոռացել ենք մարդ լինել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե մշակույթի ներկայացուցիչները գործում են ուղղորդված:
Ըստ վերջինիս՝ լռելով որևէ հարց չի լուծվի, պետք է բոլորով համախմբվեն և ցույց տան սրտացավություն. «Բոլորս քաղաքագետ ու ռազմագետ ենք, բայց ոչ մարդ: Մենք պետք է վերհիշենք, որ մարդ ենք ու ոչ մեկս ոչ քաղաքականությունից ենք հասկանում, ոչ էլ ռազմագիտությունից: Մեծ մասը ուրիշի անհաջողության վրա աչոկ հավաքող է: Խղճում եմ մեզ, փոխարենը պայքարենք արտաքին թշնամու դեմ, ներքին թշնամիներ ենք փնտրում, սկսում ենք իրար ատել, անիծել, այն դեպքում, երբ կարող ենք ամրապնդել դիրքերը ու թույլ չտալ պառակտվել»,- նշեց Լուիզա Ներսիսյանը: