Կասկածում եմ, որ պատերազմի 4-րդ օրը ԶՈւ ԳՇ պետն ասել է՝ պետք է դադարեցնել պատերազմը. «Իմ քայլը»-ի պատգամավոր
ПолитическиеԿասկածում եմ, որ ԶՈւ ԳՇ պետը պատերազմի 4-րդ օրն ասել է, որ պետք է դադարեցնել պատերազմը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Օնիկ Գասպարյանը հենց 4-րդ օրն ասել է, որ պետք է օր առաջ կանգնեցնել պատերազմը, որովհետև չենք կարող դիմակայել:
«Պետք է հաշվի առնել բոլոր կարծիքները, ԳՇ պետն ասում էր, մի շարք գեներալներ այլ բան էին ասում, պաշտպանության նախարարն այլ բան էր ասում: Ես չգիտեմ՝ ԳՇ պետը նման բան ասե՞լ է, թե՞ ոչ։ Ես նաև կասկածում եմ դրան», - նշեց նա:
Դիտարկմանը՝ դեռևս հունիս ամսին ԶՈւ ԳՇ պետն է նշել, որ պետք է խուսափել պատերազմից, պատգամավորն արձագանքեց. «Դուք պատկերացնու՞մ եք՝ այդքան ռեսուրս ունենալով՝ հանձնվեինք, և այս նույն հողերը տայինք, ինչ կստացվեր: Մինչև վերջ կռվել ենք, դուք հիմա մեղադրում եք դավաճանության մեջ, բա որ չկռվեինք, հիմա ինչ կանեիք»,- ասաց Խաչատրյանը
Խոսելով ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններին՝ նա ասաց, թե դրանք այս պահին քննարկման փուլում են և քննարկվում են քրեադատավարական դաշտում, դրանից հետո կտեսնեն՝ պետական գաղտնիքի հրապարակումը՝ ճիշտ և ոչ ճիշտ, քրեական պատասխանատվության տարրեր պարունակու՞մ է, թե՞ ոչ: Ըստ նրա՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունը խփում է ամբողջ ՀՀ և ԱՀ անվտանգությանը:
Պատգամավորը համաձայն չէ այն մտքին, թե վարչապետն ուշ է դիմել ՌԴ նախագահին․ «Վարչապետն ամեն օր կապի մեջ է եղել Պուտինի հետ։ Բոլոր ջանքերը գործադրվել են, որ հրադադար լինի: Երեք անգամ եղել է, և ով է խնդրել՝ Պուտի՞նը, իհարկե Նիկոլ Փաշինյանն է խնդրել դիվանագիտական խողովակներով, որ գոնե հրադադար լինի 2-3 օր, հասկանանք՝ ինչ ենք անում»,- ասաց նա:
Նա նշեց՝ դասալիքները շատ են եղել, սակայն անուն չի ցանկանում տալ՝ թշնամուն չուրախացնելու համար։