Խոսում ենք գերիներին վերադարձնելու մասին, բայց գալիս ՀՀ տարածքից են գերի վերցնում. Արշակ Զաքարյան
Քաղաքական«Հայոց ազգային գվարդիա» հասարակական կազմակերպության ղեկավար Արշակ Զաքարյանը այսօր հրավիրված ասուլիսին ասաց, որ հանրահավաքից իր միակ ակնկալիքը համախմբումն է մեկ գաղափարի շուրջ. «Թաքուն, ծածուկ, մեզ թիկունքից հարված հասցրած մեր իշխանությունները օր առաջ պետք է հեռացվեն և պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց նա՝ անդրադառնալով ներկա իշխանությունների վարած քաղաքականությանը:
Ըստ նրա՝ իշխանությունները չեն հեռանում, քանի որ վախենում են, և ամեն օրը, որ նրանք մնում են դավադիր, ազգադավ ծրագրերի ինչ-որ կետ ևս իրականացնելու համար է, որը շատ վտանգավոր է մեր երկրի, ազգի, անկախության և անվտանգության համար. «Իրենք եկել են իշխանության, օգտագործելով այսօրվա վիրտուալ աշխարհի սուտը իրականություն ներկայացնելու միջոցները, ինչը իրենց մոտ ստացվում է: Նրանց ստերը ամեն անգամ փաստերով հերքելու ձևով մենք կարող ենք այն հիպնոսացած զանգվածին ինչ-որ կերպ արթնացնել, որպեսզի հասկանան՝ ինչ վտանգ է սպառնում հենց իրենց»,- նշեց Զաքարյանը:
Վերջինս ասաց, որ Ադրբեջանը իր ծրագիրը փայլուն իրագործեց. «Այն, ինչ Ալիևը իր երազում չէր պատկերացնում, իրագործվեց: Տեսեք թուքրերի պահվածքը, տեսեք, թե ինչպես են նվաստացնում մեզ, տեսեք աստիճաններին՝ ում դրոշներն են փռված՝ որպես ոտնաշոր: Մինչև հիմա թուրքերը շարունակում են մարդկանց առևանգել և տանել, այնուհետև տեսանյութերը հրապարակել: Մենք խոսում ենք գերիներին վերադարձնելու մասին, բայց գալիս են ՀՀ տարածքից գերի են վերցնում»,- նշեց Զաքարյանը: