Մետրոպոլիտենը փակ է, երթևեկությունը կաթվածահար է եղել. Տաթև Խաչատրյան
ՀասարակությունՀանրապետության տարբեր մարզերում, քաղաքներում, գյուղերում այսօր՝ 12։00-ից սկսած անհնազանդության ակցիաներ են իրականացվում: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Քաղաքացիները փակում են մայրաքաղաքի փողոցները՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Երևանի մետրոպոլիտենը ևս փակ է։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանն ասաց, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում խաթարվել է նաև Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը․ «Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում քաղաքացիները իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։ Մի խումբ քաղաքացիներ կանգնել են գնացքի դռների արանքում և չեն թողել, որ գնացքը տեղից շարժվի: Այս պահին մետրոպոլիտենը փակ է։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ Մետրոպոլիտենը հատուկ պահպանվող տարածք է, հետևաբար Ոստիկանությունն ապահովում է անվտանգությունը։