Քոչարյանի հետ հանդիպումը նախաձեռնել է Արմեն Սարգսյանը․ առաջարկ է արվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանին
ՔաղաքականՀՀ նախագահի աշխատակազմն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, հաղորդագրություն տարածեց, որ հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկվելու նպատակով:
ԼՈՒՐԵՐ․com-ը հանդիպման մանրամասներին տեղեկանալու համար զրուցեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանի հետ։ Նա նշեց, որ հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ․ «Հանրապետության նախագահը իր սահմանադրական պարտականությունների շրջանակում անհրաժեշտ է համարում ձեռնարկել բոլոր միջոցները՝ լիցքաթափելու և հանգուցալուծելու քաղաքական ճգնաժամը օրենքի շրջանակում և ազգային համաձայնության հիման վրա: Այդ համատեքստում է Հանրապետության նախագահը հանդիպումներ նախաձեռնել և ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակայնության, մտավորականության ներկայացուցիչների հետ: Նույն մտահոգություններից ելնելով էլ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, այնուհետև նաև՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ»,- ասաց նախագահի օգնականը։
Նրա խոսքով՝ հանդիպման առաջարկ է արվել նաև Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։
Նշենք, որ 2-րդ նախագահի գրասենյակից հաստատել են տեղեկությունն այն մասին, որ հանդիպումը տեղի է ունեցել Երևանի «Ալեքսանդր» հյուրանոցում։
Սոնա Հարությունյան