Իշխանությունը պատրաստ է քննարկումների քաղաքական մյուս ուժերի հետ․ Ալեն Սիմոնյան
ՔաղաքականԳործող իշխանությունը պատրաստ է քննարկումների քաղաքական մյուս ուժերի հետ՝ պայմանով, որ հարկադրանքի և սպառնալիքի ներքո չի լինելու ոչ մի խոսակցություն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:
Նա նախ հիշեցրեց, որ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցի, բաց տեքստով ասել է, որ պատրաստ են երկխոսությանը՝ պայմանով, որ հարկադրանքի և սպառնալիքի ներքո չի լինելու ոչ մի խոսակցություն:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ առաջիկայում իշխանությունը կկազմակերպի քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական մյուս ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ճանապարհային քարտեզը որոշելու, թե ինչպես են առաջ շարժվում, օրինակ դեպի արտահերթ ընտրություններ՝ ԱԺ փոխնախագահն ասաց. «Նման զարգացումը չեմ բացառում: Իշխանությունը պատրաստ է նման առաջարկ քննարկելու: Պնդում եմ, որ իշխանությունը պատրաստ է նման քննարկում սկսել՝ այն պայմաններով, ինչը, որ վարչապետը նշեց, որ ոչ մի կողմ մյուսին չի սպառնում»:
Սիմոնյանի կարծիքով՝ վարչապետի հայտարարությունը խոսում էր այն մասին, որ պատրաստ են քննարկումների: Նա նաև շեշտեց, որ ըստ էության ՀՀ–ի ճակատագիրը չեն որոշելու անհատներ, այլ որոշելու է ՀՀ ժողովուրդը: