Վարչապետի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել էին Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհը
Հասարակություն«Նիկո՛լ, դավաճան» կոչերով քաղաքացիները փակել էին Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակը, իսկ մոտակայքում տեղի էր ունենում զոհված հերոսի հուղարկավորությունը։
2.5 տարվա ընթացքում ամեն ինչ սուտ ու կեղծիք է եղել, խաբեբա Նիկոլը պետք է հեռանա՝ պնդում էին ակցիայի մասնակիցները։ Նրանք ՀՀ եռագույնով, գունավոր ծուխ արձակելով ոստիկանների հետ բանակցեցին և հինգ րոպեով փակեցին ճանապարհը։
«Չի լինելու մեկը, որ Նիկոլ Փաշինյանի հանցակիցն է և կկարողանա ուղղակի լքել երկիրը՝ մնալով անպատիժ: Հանկարծ չլինի իմքայլականներից կամ նրանց շրջապատից մեկը, որ, ունենալով ԱՄՆ վիզա, հույս կտածի, որ իր վիզան փրկելու է իրեն»,- հայտնեց ցուցարարներից մեկը:
Ցուցարարներն ասում էին, որ նախորդ օրվը գիշերը տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ցանկացած պահի լքել հայրենիքը, այդ պատճառով էլ իրենք խորհրդանշական փակում են օդանավակայանի ճանապարհը՝ ասելով, որ պատասխանատուների համար Հայաստանից դուրս գալու ճանապարհ չի լինի:Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ շարունակելու են ակցիաները այնքան ժամանակ, մինչեւ դավաճանը հեռանա, և գա նոր մարդ, որ կկարողանա բանակցել Արցախից ինչ-որ բան պահելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ից սկսած Երեւանում ու հանրապետության մարզերում չեն դադարում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները: