Վերաքննիչը բավարարել է Միհրան Հակոբյանի բնակարանի խուզարկության թույլտվության որոշման դեմ ներկայացված բողոքը․ փաստաբան
ԲլոգոսֆերաՎերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա.Դանիելյանի, քննության առնելով վստահորդիս՝ Միհրան Տարոնի Հակոբյանի բնակարանում խուզարկության թույլտվություն տալու որոշման դեմ ներկայացված բողոքս, բավարարեց այն, բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի փաստաբան Միքայել Շխիմյանը։
«Մ.Հակոբյանը մեղադրվում է ռազմական դրության ժամանակ ցույցեր կազմակերպելու և անցկացնելու մեջ, վերջինիս ձերբակալումը դատարանները նույնպես ոչ իրավաչափ էին ճանաչել»,- գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանի բնակարանը խուզարկվել է նոյեմբերի 24-ին։
Նշենք, որ նոյեմբերի 21-ին Երևանում խաղաղ անհանդուրժողականության ակցիաներ էին, քաղաքացիները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Երևանի տարբեր հատվածներից ակցիայի մասնակիցների մի մասին՝ շուրջ 85 անձի ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեց, նրանցից քսանը՝ այդ թվում Միհրան Հակոբյանը, ձերբակալվել էին:
Ավելի ուշ Միքայել Շխիմյանը հայտնել էր, որ Միհրան Հակոբյանն ազատ էր արձակվել, դատարանը նրա ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ: