Արցախում հաշվառում ունեցող շուրջ 90 հազար քաղաքացու տրամադրվել է ֆինանսական աջակցություն
ԱրցախՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Արցախում հաշվառում ունեցող մոտ 90 հազար քաղաքացու տրամադրել է ֆինանսական աջակցություն:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Արցախյան վերջին պատերազմից հետո մեր նախարարության աշխատակազմը գրեթե ամբողջությամբ ներգրավված է այդ ամենի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների կարգավորման գործընթացում: Մենք ֆինանսական աջակցություն ենք տրամադրել Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիներին` 68 հազար դրամ յուրաքանչյուր անձին, գումարած 15 հազար հավելավճար այն անձանց համար, ովքեր չունեն սեփականություն: Այս խմբում կան որոշակի բացառություններ, որոնք չեն հանդիսացել միջոցառման շահառու»,- նշեց Առաքելյանը:
Նրա խոսքով` այս պահին մոտ 90 հազար քաղաքացու մոտավորապես տրամադրվել է 6.5 մլրդ դրամ աջակցություն:
Նախարարը հայտնեց, որ ծրագրից օգտվող քաղաքացիները կազմում են փաստացի շահառուների գրեթե 98 տոկոսը, և այս պահին մնացել է մի քանի հազար քաղաքացի, ովքեր պետք է դիմեն և օգտվեն այս ծրագրից: