Չենք անի ընտրություն, եթե չպայմանավորվենք․ Ալեն Սիմոնյան
PoliticalԵս ասել եմ, որ մեզ օր առաջ արտահերթ ընտրություններ են պետք, իսկ ժամկետները կախված են տարբեր տեխնիկական, քաղաքական լուծումներից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ժամկետները պետք է համաձայնեցված լինեն նաեւ մեր գործընկերների հետ, որովհետեւ ընտրություններին միայն «Իմ քայլը» չի մասնակցելու: Գործընկերների հետ ժամկետները կքննարկվեն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ հրաժարական պահանջող ուժերի օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա, Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե չկա, չի լինի ընտրություն: Մենք ունենք ընտրված ԱԺ, որն ունի առաջնային լեգիտիմություն: Չենք անի ընտրություն, եթե չպայմանավորվենք»:
Նա հավելեց, որ ոչ միայն խորհրդարանական ուժերը, այլեւ ՀԱԿ-ը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը արդեն արձագանքել են. «Ես շատ ուրախ կլինեմ, որ ՀՅԴ-ի մեր գործընկերները նույնպես արձահգանքեն, թող ՀՀԿ-ն էլ արձագանքի, ես որեւէ մեկին չեմ բացառում: Մեր առաջարկում չի եղել որեւէ բացառություն»: